Երբ ի մի են բերվում մարդասիրությունն ու առաջադեմ բժշկական տեխնոլոգիաները
Ծրագրի փուլերը

«Քայլի՛ր հպարտ» ծրագիրն աշխատում է ամբողջովին թափանցիկ՝ հովանավորնեին վստահեցնելով, որ իրենց բարեգործությունը բերում է զգալի դրական փոփոխությունների: Արմավենի բարեգործական հիմնադրամը համագործակցում է տարածաշրջանում առաջատար Երևանի՝ Վերջույթների Վերակառուցման և Երկարացման Կենտրոնի հետ (ԵՎՎԵԿ), որն առաջարկում է բնածին և ձեռքբերովի օրթոպեդիկ հիվանդությունների բուժման ամենալայն և տեխնոլոգիապես ամենաառաջադեմ լուծումները:

ԵՎՎԵԿ հետ համձայնագրի հիման վրա՝ Արմավենի բարեգործական հիմնադրամը նվիրատվությունները ստանալուց հետո շահառուի բուժման համար պահանջվող գումարը փոխանցում է կենտրոնին:

Ծրագիրն աշխատում է հետևյալ փուլերով՝ ապահովելով հաշվետվողականության հնարավորինս բարձր մակարդակ.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ծրագրի մասին տեղեկատվություն է տարածում Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում: Առողջապահական տեղական մարմինները նախաձեռնում են անապահով ընտանիքներից օրթոպեդիկ հիվանդություններ ունեցողների ընդունելություն և հետազատում, որի ընթացքում ԵՎՎԵԿ մասնագետ-բժիշկների խումբը այցելում է շրջաններ և բժշկական կոնսուլտացիայից հետո՝ բժշկական ցուցումների հիման վրա հերթագրում հիվանդներին վիրահատական բուժման համար: Առաջնահերթությունը տրվում է ֆինանսապես առավել ծանր վիճակում գտնվող ընտանիքներին:  

2. Պոտենցիալ շահառուների մասին մանրամասն տեղեկությունը տեղադրվում է Արմավենի հիմնադրամի վեբ-կայքում: Տեղեկատվությունը ներառում է՝ կլինիկական և ռադիոլոգիական նկարները, բուժման նպատակը, բուժման կանխատեսվող ժամկետը, բուժման արժեքը՝ ներառյալ բոլոր բժշկական ծախսերը (նախնական հետազոտություն, վիրահատարան, վիրահատության արժեք, Իլիզարովի սարքի արժեք, հիվանդանոցի սենյակների արժեք, հետվիրահատական խնամք և հետազոտություն): Հիմնադրամը հովանավորներին է ներկայացնում յուրաքանչյուր վիրահատության ֆինանսական հաշվետվությունը:

 3. Արմավենի հիմնադրամն ակտիվորեն հովանավորներ է փնտրում հիվանդների բուժման համար: Մինչև հովանավորության որոշում կայացնելը ծրագրով հետաքրքրված հովանավորները կարող են կապվել վիրահատության սպասող ցանկացած անձի հետ անմիջականորեն (կոնտակտային տվյալները նույնպես հասանելի են հիմնադրամի վեբ-կայքում):

4. Երբ հիմնադրամի առաջարկած ծրագիրը հաստատվում է հովանավորի կողմից կամ որևէ մեկը ցանկություն է հայտնում հովանավորելու սպասողների ցանկում գտնվող հիվանդներից մեկին, հիմնադրամը տրամադրում է տեղեկություն բանկային հաշվի մասին հասանելի վեբ-կայքում, կամ ըստ պահանջի՝ էլեկտրոնային նամակի միջոցով:

5. Անհրաժեշտ գումարը ստանալուց հետո, ծրագրի շահառուն հրավիրվում է Նաիրի բժշկական կենտրոնում հիմնված ԵՎՎԵԿ, որտեղ բժշկական զննումից հետո վիրահատվում է: Բուժման ամբողջ ընթացքում հովանավորները տեղեկացվում են  վիրահատության արդյունքի և բուժման ընթացքի մասին: Հիմնադրամը հովանավորներին ուղարկում է բուժվողի լուսանկարները՝ արված բուժման կարևոր փուլերում:

6. Երբ բուժումն ամբողջապես ավարտվում է, հովանավորը ստանում է բուժման արդյունքը փաստող լուսանկարներ՝ բուժումից առաջ, բուժման ընթացքում և բուժումից հետո:

Մեր շահառուները Հայաստանից, Արցախից և Ջավախքից